Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Վերապատրաստողների վերապատրաստում դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ» խորագրով դասընթացներին
2018 թվականի սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը մասնակցել է Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի դասախոսների համար կազմակերպված «Վերապատրաստողների վերապատրաստում դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ» խորագրով դասընթացներին: Դասընթացներն իրականացվել են Արդարադատության ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության շրջանակներում՝ Գերմանիայի արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարարության ֆինանսավորմամբ: Նշենք, որ միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) իրականացնում է փորձագետների հետ հանդիպումներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, սեմինարներ և համաժողովներ:
Տվյալ վերապատրաստման դասընթացների նպատակն էր դասախոսներին ուսուցանել լսարանի հետ ստեղծելու հաղորդակցման օպտիմալ կապ՝ դասընթացը դարձնելով ավելի տեսողական, ինչն էլ հնարավորություն կընձեռի լսարանին ավելի հեշտ ընկալել նյութը, ընդլայնել մասնագիտական գիտելիքները, կատարելագործել գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողականությունը և այլն:
Միջոցառմանը բացման խոսքով և հետագա ելույթներով հանդես են եկել Արդարադատության Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, դասընթացավար Անահիտ Մանասյանը և Մարդու իրավունքների գծով Եվրոպայի Խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը։ Միջոցառումն իրականացվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամում (IRZ) անմիջական գործընկերներ՝ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի և IRZ-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի կողմից: Դասընթացը վարել է գերմանացի փորձագետ, Թեթնանգի առաջին ատյանի դատարանի նախագահի մշտական ներկայացուցիչ, մամուլի խոսնակ, Կոնստանցի և Լուցեռնի համալսարանների դասախոս, դատավոր Մարտին Հուսսելսը:
Երկօրյա դասընթացի ընթացքում Մարտին Հուսսելսը ներկայացրել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ մեծահասակների համար նախատեսված վերապատրաստումների ծրագրերը, կոնկրետ վերապատրաստման ծրագրերի կազմման առանձնահատկությունները, լսարանի հետ հաղորդակցման միջոցները, վերապատրաստման տեխնիկաները և միջոցները, դասընթացավարների համար բովանդակային հիմնախնդիրները և այլն:
Դասընթացի ավարտին մասնակիցներն իրենց շնորհակալական խոսքն են ուղղել միջոցառման կազմակերպիչներին և ստացել համապատասխան հավաստագրեր:
28 Դեկտեմբեր 2016